«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։

Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։

Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։

Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եւ 2016 եւ 2017 եւ 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին եւ կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։ Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։

Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում