SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 57-ամյա Սպանդար Գրիգորյանը և հայտնել, որ իրենց գյուղի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը պատկանող գրասենյակից գողություն է կատարվել:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 00:05-ից մինչև 01:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված ապահովագրական ընկերության գրասենյակի դուռը հրել-բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել «Samsung» տեսակի մոնիտոր, «Canon» և «Epson» տեսակի 2 հատ տպիչ, «Ucom»-ի ինտերնետային կրիչ և մոտ 120 հազար դրամ գումար:

Ս. Գրիգորյանը, ով աշխատում է նշված ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ, ոստիկաններին հայտնել է, որ ընկերությունը կրել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: