Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը:

Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանից Ադրբեջան է մեկնել օգոստոսի 26-ին: Բաքվում կայացել են Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցությունները, որոնց հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները:

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում կանցլերը հայտարարել էր, որ Գերմանիան Մինսկի խմբի անդամ է , և կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին: