Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Timesofindia-ն, այն մշակվել է Հնդկաստանի սպառազինության հարցերով գիտահետազոտական ինստիտուտի կողմից, որը պաշտպանության հետազոտության և զարգացման կազմակերպության լաբորատորիան է:

Լաբորատորիայի տնօրեն Կ. Մ. Ռաջանը նշել է, որ Pinaka հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանը:

 

«Այդ նպատակով մենք հայկական պատվիրակության համար իրականացրել ենք փորձնական հրաձգություն Ռաջաստանի նահանգի Պոկրան քաղաքում: Արդյունքները գերազանց էին: Քանի որ այս որոշումը կայացվելու է կառավարությունից կառավարություն, մենք դեռ պետք է ստանանք պաշտոնական գնումների մասին համաձայնագրի մասին որոշում: Հայաստանը հետաքրքրված է երկու տեսակի հրթիռներով»,- ասել է Ռաջանը:

 Մի քանի արտասահմանյան պատվիրակություն, այդ թվում `Հայաստանինն, այս տարի այցելել են Չեննայի քաղաք` պաշտպանության ցուցահանդեսին մասնակցելու:

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։