Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկա կատարած շրջայցի ընթացքում համոզվել է, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և մի շարք կարևոր բանջարեղենների գները տարօրինակ բարձր են: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ համարեց նաև այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում շուկայում հայտնվել է ջերմոցային լոլիկ և վարունգ: «Հայաստանի համար մի փոքր անսովոր է, որ այս սեզոնին շուկայում ջերմոցային վարունգ և լոլիկ է հայտնվել»,- ընդգծեց նա:

Վարչապետը հստակեցրեց, որ գնագոյացման վրա ազդելու խնդիր դրված չէ, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ առումով պետք է փորձել գները նվազեցնել: «Հիմա, օրինակ' տեսեք՝ շուկայում արձանագրվում է և պաշտոնական տվյալներն էլ են դա ցույց տալիս, որ օրինակ, խնձորը շատ կայուն վարքագիծ է ցուցաբերում շուկայում և միշտ կայուն գին է ունենում, որովհետև վերջին տարիներին այնպես է ստացվել, որ խնձորի արտադրության հստակ մեխանիզմ է ձևավորվել »,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցած տարվա համեմատ գյուղմթերքի արտահանման 67 տոկոսանոց աճը, վարչապետը պատասխանեց. «Ենթադրվում է, որ ենթակառուցվածքներն աճում են, բերքը լավ է եղել, պահանջարկը մեծացել է»: