«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ հարցի վերաբերյալ ներկայացված հիմնավորումները լուրջ չեն, և Ջրային պետական կոմիտեն չի ներկայացրել այն պատճառները,  որոնք անհրաժեշտ են 40 մլն խմ ջրառ իրականացնելու համար և իր համար անհասկանալի է, թե ինչ խնդիր են լուծելու դրանով:

«Ինձ համար շարունակում է չպարզաբանված մնալ հարցը, թե 40 մլն խմ հավելյալ ջրառով ի՞նչ խնդիրներ եք լուծելու։ Առանց լուրջ հիմնավորումների բերել եք նախագիծ՝ առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը, ընդամենն ասում եք 80 մլն են պահանջել, մենք ասում ենք 40 մլն, դա ինձ համար առնվազն ծիծաղելի հիմնավորում է: Ի՞նչ է նշանակում այս պարբերականությամբ գնալը, այսինքն՝ 100 մլն էր, հիմա 40 մլն նորից բաց թողնել, վաղը ևս 30 մլն բաց թողնել և էդպես շարունակ՝ ստացվում է՝ մենք կորցնում ենք Սևանը: Առանց հիմնավորելու արդյունավետությունը՝ 40 մլն օգտագործման դեպքում գյուղացիական տնտեսությունները ի՞նչ վերադարձելիություն կապահովեն: Սևանի այսօրվա ծանրագույն վիճակում նման հարցով գալ առանց լուրջ հիմնավորումներ ներկայացնելու՝ կարծում եմ լուրջ չէ ձեր կողմից»,- հարց ուղղեց պատգամավորը: 

 

Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանն ի պատասխան ասաց. «Ջրային կոմիտեն դեռևս մինչ իմ պաշտոնավարումը Կառավարությանը ներկայացրել էր 80 մլն խմ դեֆիցիտ կատարել և իմ նշանակումից հետո այդ թիվը կրճատել է և հասցրել ենք 40 մլն-ի»,- ասաց նա՝ նշելով, որ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որտեղ ընդգրկած ոլորտի մասնագետները ներկայացրել են հիմնավորումներ։ 

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց՝ իր համար ծիծաղելի են Ջրային պետական կոմիտեի նախագահի բերած հիմնավորումները, քանի որ պացույցներ չկան: