«Մենք անվերապահ որևէ մեկին չենք աջակցել և չենք էլ պատրաստվում աջակցել,  ընդհանրապես,  կռապաշտությունը վատ բան ա, կուռքեր չպետք ա ստեղծի մեր ժողովուրդը, անվերապահ որևէ մեկին պաշտպանել խորհուրդ չեմ տալիս։ Չի կարելի անարդարության դեմ ոչ արդար միջոցներով պայքարել. կլինի Ռոբերտ Քոչարյանը, կամ ով ուզում է լինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված իրենց կուսակցության ներկայացուցիչների՝ Ռոբերտ Քոչարյանին անվերապահորեն պաշտպանելու պատրաստակամությունը։ 

«Դատարանը մեղավոր կճանաչի, ամենախիստ պատիժը կտա՝ թող տա. կվերջանա հարցը, բայց պետք չէ դատարանից առաջ անցնել։ Էդպես կարելի է ցանկացածին դատել, այս մեկը դուրս չգա և ինչ մեղադրանք ասես կարող են ներկայացնել: Քաղբանտարկյալների հինգ չափորոշիչներ կան, դրանք կիրառվե՞լ են, մեկ անգամ աուդիտ արվե՞լ է որևէ մեկի նկատմամբ, որ մենք ունենանք նախադեպ, որ այլևս ամեն մեկը չհամարի՝ սա քաղբանտարկյալ է, թե՝ ոչ: Քաղաքական հետապնդումների մասին կարող է խոսք գնալ միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ այդ հինգ չափորոշիչներից մեկը խախտվել է և դա փաստվի դատական ընթացակարգով: Մենք ասել ենք՝ այն մեղադրանքը, որը դրվել է, կարող է այդպիսի տպավորություն առաջացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Խոսելով Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին, պատգամավորն ասաց․ «Մենք կարող ենք համահամագործակցել ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու մտահոգությունները, ով ուզում է լինի: Էդպես որ լիներ` մենք ՀԱԿ-ի հետ միասին պետք է քառյակ չկազմեինք։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել ենք մեր Գերագույն մարմնում և ինչ քարկոծում ասեք` եղել է նաև այդ ժամանակ, բայց  մենք համարել ենք, որ ճիշտը դա է, և մենք մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք»,- ասաց Ռուստամյանը։