Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության վեց ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, բոլոր վեց ծրագրերն էլ արդեն հաստատված են ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց մեկնարկը կտրվի շինարարական մրցույթի անցկացումից հետո, հավանաբար սեպտեմբերի երկրորդ կեսին: Հաստատված վեց ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 133 միլիոն 497 հազար դրամ, որից 80 միլիոն 98 հազար դրամը ներդնում է Ճամբարակի համայնքապետարանը, 53 միլիոն 399 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը:

«Առաջին ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի սրբավայրի տարածքի բարեկարգում՝ 9 միլիոն 810 հազար դրամ արժեքով, երկրորդ ծրագրով՝ Ճամբարակ քաղաքի զբոսայգու եւ ժամանցային կենտրոնի վերակառուցում՝ 31 միլիոն 415 հազար դրամ արժեքով, երրորդ ծրագրով՝ Պ. Սեւակի փողոցի ասֆալտապատում՝ 27 միլիոն 621 հազար դրամ արժեքով, չորրորդ ծրագրով՝ Գարդման եւ Նադարյան փողոցները կապող ճանապարհների կառուցում՝ 12 միլիոն 453 հազար դրամով, հինգերորդ ծրագրով՝ Բաղրամյան եւ Նարեկացի փողոցների ասֆալտապատում՝ 41 միլիոն 930 հազար դրամ արժեքով եւ վեցերորդ ծրագրով՝ Վահան գյուղի խմելու ջրագծի կառուցում՝ 10 միլիոն 266 հազար դրամ արժեքով: Մեր սահմանամերձ համայնքի համար կենսական կարեւոր նշանակության խնդիրներ են լուծվում: Այս ծրագրերի իրականացումից հետո կձեռնարկենք նաեւ մյուս բնակավայրերի հիմնախնդիրների լուծման համար համարժեք քայլերը»,-ասաց համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը: