Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվեց Սերգո Ավետիսյանի անունը կրող փողոցի մի հատվածը, որը համարվում է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարմիրգյուղի գյուղապետարանից, ծրագրի արժեքը կազմում է 12 միլիոն 500 000 դրամ, որի 40 տոկոսը տրամադրել է պետբյուջեն, իսկ մնացած 60 տոկոսը ներդրել է Կարմիրգյուղի համայնքապետարանը: «Ասֆալտապատվելու է փողոցի 450 գծամետր հատվածը: Ճանապարհը տանում է դեպի գյուղի N 1 միջն. դպրոց: Նախկինում այստեղով անցնելն առաջացնում էր մի շարք դժվարություններ:

Հիմա արդեն ունենք բարեկարգ ու ժամանակակից ճանապարհ: Ասֆալտապատումն իրականացրել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն: Ժամանակակից տեխնիկայի եւ բանիմաց աշխատակիցների շնորհիվ ճանապարհի այս հատվածը նորոգելու համար պահանջվեց կարճ ժամանակ՝ 5-6 օր 15 օրվա փոխարեն: Ճանապարհաշինական աշխատանքները վերահսկել են Գեղարքունիքի մարզպետարանի մասնագետները: Ստեղծված ամեն մի միջոց ու հնարավորություն ուղղելու ենք մեր համայնքի արդիականացմանը, կառուցապատմանն ու զարգացմանը»,-ընդգծեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը: Խոսրով Խլղաթյան: