ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը՝ հայտարարելով, որ քաղաքականություն է վերադառնում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Թեև Քոչարյանի հայտարարության մեջ հայ հանրության համար որևէ նորություն չկար, այնուամենայնիվ, ուշագրավ է այն ձևաչափը, որով տրվել է այս հարցազրույցը: Այս անգամ Քոչարյանը նախընտրել էր ռուսական մեդիան, գուցե այսպիսով իր ակտիվացման վերաբերյալ հեռակա մեսիջ հղելով նաև ռուսական քաղաքական շրջանակներին:
 
Քոչարյանի այս հարցազրույցի գլխավոր տարբերությունը նախորդներից կայանում էր նրանում, որ կարմիր թելի պես անցնում էր մեղադրանքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ակնհայտ է՝ Քոչարյանը Սարգսյանին մեղադրում է ոչ թե սահմանադրական բարեփոխումների միջոցով սեփական կառավարումը երկարաձգելու ցանկության. այլ իշխանությունն իրեն հանձնելու փոխարեն թավշյա հեղափոխության առաջնորդներին հանձնելու մեջ: Անչափ հետաքրքիր կլինի այս հարցազրույցից հետո հետևել նաև ՀՀԿ արձագանքին, հաշվի առնելով, որ Քոչարյանը, ըստ էության, նուրբ հարված է հասցնում իրեն սատարելու պատրաստակամություն հայտնած ՀՀԿ-ին: Միևնույն ժամանակ, Քոչարյանը բաց է թողնում համագործակցության հարցը, իսկ դա ենթադրում է, որ անգամ այս մեղադրանքների ֆոնին քաղաքական կյանքի լուսանցքում հայտնված ՀՀԿ համար Քոչարյանը կարող է հանդիսանալ վերջին շանսը և նրա շուրջ համախմբվելու գաղափարից ՀՀԿ-ում դժվար թե հրաժարվեն այս նուրբ կսմիթի պատճառով: Ավելի հավանական է, որ ՀՀԿ-ն հայտարարի՝ «Քոչարյանը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ վարչապետի պաշտոնում նշանակելով Սերժ Սարգսյանին»:
  
Քոչարյանի հարցազրույցի մյուս կարևոր ուղերձը կորցրած տարածքների վերաբերյալ Երկրորդ նախագահի ակնարկն էր և զուգահեռների անցկացումը հետհեղափոխական Ուկրաինայի և Վրաստանի հետ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի նոր իշխանությունները Արցախի հարցում զիջումների գնալու որևէ նախանշան ցույց չեն տվել, և այս առումով, Քոչարյանի վերադարձի նման օրակարգը անչափ հում է ստացվելու: Սակայն այդ օրակարգը արդեն իսկ ձևավորվում է, ժամանակն էլ, ըստ էության, աշխատում է հենց երկրորդ նախագահի օգտին: Սահմանադրական բարեփոխումները, խորհրդարանի ինքնալուծարումը, իհարկե, մեկ օրվա գործ չեն և Քոչարյանը այս ընթացքում կարող է ավարտին հասցնել թե՛ իր քաղաքական օրակարգի, թե՛ թիմի ձևավորումը…