Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Այս մասին հայտնում է People ամսագիրը:

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

 

Այս առնչությամբ Բիլզերյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակից մյուս անձանց մասին որևէ որոշում չի կայացվել: «Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- նշել է նա:

Բիլզերյանը խոստացել է, որ կպայքարի իր դեմ ներկայացրած մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբևէ այցելել Ադրբեջան:

People-ը գրում է նաև, որ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որտեղից ամսագրին հայտնել են, որ Հայաստանը դիմել է «Ինտերպոլ»-ին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող: