Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Վրաստանի հետ Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի, որոնց պետք է պաշտպանված լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունների ջերմ լինելու մասին է վկայում իր կատարած այցը Վրաստան: «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախեթի, շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես ասում էի, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, որ մեր հարաբերությունը Վրաստանի հետ պետք է լինեն յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանելու համար: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ վարչապետի խոսքերն է փոխանցում վրացական Առաջին ալիք հեռուստաընկերության կայքը:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստան կատարած իր այդ երկրի հետ Հայաստանի  հարաբերությունները կդնի նոր հարթակի վրա՝ կարծիք հայտնելով, որ երկու երկրները կկարողանան առավել հզորացնել հարաբերությունները:

«Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ինչպես գիտեք, այնտեղ ապրում են բազմաթիվ հայեր, և իմ հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանը և Հայաստանը բարեկամներ են, դրացիներ: Մենք եղբայրական ազգեր ենք և չպետք է լինի մեր հարաբերություններին, բարեկամությանը և գործընկերությանը ստվերի տակ դնող որևէ հանգամանք: Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ՝ մեր կառավարության կոնկրետ խնդիրն է՝ ապահովել այդ բանաձևի իրականացումը և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այսպիսով, մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: