Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վրացական ԶԼՄ-ին: Ուշագրավ է, որ վարչապետի այս հարցազրույցը համընկավ հայ-վարացական հարաբերություններում որոշակի լարվածության հետ: Ինչպես գիտենք, Վրաստանի կառավարության որոշմամբ, արգելվելու է Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող պարենի՝ հացահատիկի ներկրումը Հայաստան՝ ցամաքային ճանապարհով: Բազմիցս խոսվել է այն մասին, թե ինչ հավելյալ բարդությունների կհանգեցնի մեր հարևանների այս քայլը՝ հատկապես Փաշինյանի կաբինետի համար և հատկապես՝ ընտրություններին ընդառաջ:
 
Հատուկ ուշադրության է արժանի հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն միտքը, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ պահել աշխարհաքաղաքական ազդեցությունից, ինչպես նաև՝ հայ և վրացի ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ միմյանց հանդեպ ինչ-ինչ դավադրություններ չեն լինի:
 
Այնքան էլ շատ չեն այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք կարող են այս կամ այն չափով իրենց դրոշմը թողնել հայ-վրացական հարաբերությունների, դրանց զարգացման ընթացքի վրա, հետևաբար, ավելի քան ակնհայտ է՝ ում նկատի ունի վարչապետ Փաշինյանը, հաշվի առնելով Լարսում այս ամառ ստեղծված աղետալի իրավիճակը, ինչը դիտարկվեց իբրև «դեղին քարտ» Մոսկվայի կողմից՝ Հայաստանի նոր իշխանություններին: Փաշինյանի հարցազրույցում կարմիր թելի պես անցնում էր ուղերձը այն բոլոր քաղաքական, ուժային կենտրոններին, որոնք փորձում են խաղալ հայ-վրացական հարաբերությունների վրա՝ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից:
Հենց այս համատեքստում էլ Փաշինյանն անդրադարձ է կատարում ռուս-վրացական լարված հարաբերություններին, ինչպես նաև անում անչափ կարևոր դիտարկում՝ չլուծված հակամարտությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը ֆիքսում է, որ այդ հակամարտությունը, ինչպես նաև մյուս բոլոր ռազմական կոնֆլիկտները կգտնվեն՝ դրանք սառը, թե տաք վիճակում՝ պետք է լուծվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Այսպիսով, Հայաստանն ընդգծում է իր շահագրգռվածությունը ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում: Պատճառն էլ պարզ է՝ Հայաստանին վախեցնում է վրաց-ռուսական նոր լարվածության հնարավորությունը, ինչը լրջագույն վտանգ կստեղծի հայկական տարանցմանը, այդ թվում՝ Ռուսաստանից եկող գազամուղի անխափան գործելուն;
 
Իսկ ի՞նչ վտանգներ է տեսնում Թբիլիսին: Չնայած այն բանին, որ Վրաստանի համար տնտեսապես առավել շահավետ է իր տարածքով անցնող Հայաստանից տարանցումը, Թբիլիսին լրջորեն է ընկալում Ռուսաստանի հնարավոր գործողությունների սպառնալիքը, ինչը կապվում է արտակարգ իրավիճակի դեպքում Ռուսաստանի և Հայաստանի միջև չհամաձայնեցված տարանցիկության հետ: Քանի որ Ռուսաստանը քննարկվում է որպես Վրաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքի աղբյուր, համապատասխանաբար, Թբիլիսին մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների գոյությամբ և Անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամությամբ, ինչը ծանրացնում է Ռուսաստանի ուժեղ ճնշմանը հակադրվելու՝ Երևանի սահմանափակ ունակությունը:
 
Փաշինյանի՝ երկկողմ դավադրությունները բացառելու անհրաժեշտության մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հենց այս գործընթացների բացառման վերաբերյալ ամենաբարձր մակարդակում համաձայնությունների ձեռքբերում: