Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Մոտ ժամանակներս պլանավորվում է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջեւ: