ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ կրկին մի շարք փոփոխություններ կատարեց քրեակատարողական հիմնարկներում:

Մասնավորապես, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանին ազատել է քրեակատարողական ծառայությունից, այնուհետև «Վարդաշեն», «Սևան», «Հրազդան» ՔԿՀ-ներում նոր պետեր է նշանակել:

Սակայն պետք է արձանագրել մի կարևոր փաստ. Արտակ Զեյնալյանը ինչպես նախորդ, այնպես էլ երեկվա կատարած փոփոխություններին զուգահեռ, շարունակում է աննկատ անցնել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետի կողքով։ Իսկ այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անվտանգության նախկին պետ, այնուհետև օգնական Կամո Շաբոյանը, ով հայտնի է նաև «Հայկի Կամո» մականվամբ:

Կամո Շաբոյանը երկար ժամանակ իրականացրել է այն նույն գործողությունները, որոնք անում էր «Վովայի Արշակը»՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության նախկին պետ Արշակ Հակոբյանը:

Ի դեպ, Հյակ Հարությունյանը 2003-2008թթ եղել է ՀՀ ոստիկանապետ, այնուհետև Մարտի մեկից որոշ ժամանակ անց, Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել պաշտոնից: Սակայն մինչև հիմա Մարտի մեկի գործով հարցաքննության չի կանչվել, չնայած, որ Շաբոյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայկ Հարությունյանը ևս կկանչվի հարցաքննության:

Մեզ, սակայն, չհաջողվեց կապ հաստատել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ՝ նրա դիրքորոշումն այս թեմայի վերաբերյալ իմանալու համար: