Վեցերորդ գումարման ՀՀ ազգային ժողովի երրորդ նստաշրջանում ՀՀԿ-ն, ընդդիմություն դառնալով հանդերձ, շարունակել է օրենսդրական նախաձեռնություններին ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը մնալ, իսկ «Ելք»-ը՝ դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը' ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

«ՀՀԿ-ն գրեթե չի փոխել քվեարկությունների տրամաբանությունը մինչ հեղափոխություն և դրանից հետո: Ամենաշատ դեմ քվեարկող խմբակցությունը «Ելք»-ն է: Այդ խմբակցությունը մինչ հեղափոխությունն այնքան շատ էր դեմ քվեարկել, որ վերջին կողմ քվեարկությունները չեն իջեցրել այդ ցուցանիշը»,-ասաց Վասիլյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց՝ ՀՀԿ-ն չի խոչընդոտի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը, որոնք բխում են մեր ժողովրդի, պետության ամրապնդման, երկրի արտաքին և ներքին քաղաքականության շահերից: «Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն: Բոլոր նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության շահերից, մեր խմբակցությունը կողմ կքվեարկի: Իսկ որոնցում կտեսնենք թերություններ, կանենք մեր առաջարկությունները»,-նշեց պատգամավորը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց՝ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն պետության կայունության: Պատգամավորի հավաստմամբ՝ իրենք միշտ պատրաստ են եղել համագործակցության, եթե եզրեր եղել են: