Նոր իշխանությունների բազմաթիվ խոստումների թվում էր «Նոր Հայաստան» ներդրումների գրոհի ապահովումը, քանի որ այլևս չկա կոռուպցիա, և ներդրումները պաշտպանված են: Հայտարարությունը կա, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը ևս երևում է, սակայն դրան զուգահեռ` երկրում ընթանում է բավական սկանդալային մի միջադեպի քննություն, որին անմիջական մասնակցություն ունի միջազգային խոշոր ներդրող ընկերություն: Խոսքն Ամուլսարի հանքի շահագործմամբ զբաղվող «Լիդիան» ընկերության մասին է:
 
Հասկանալի է որ մի կողմից պետությունը կատարում է իր բուն պարտականությունը՝ փորձում է առաջնային դիտարկել բնապահպանական ռիսկերը, որոնք, անշուշտ, առաջանալու էին Ամուլսարի հանքի շահագործման դեպքում: Մյուս կողմից՝ ունենալով «Լիդիանի» օրինակը, դժվար թե միջազգային ներդրողները մեկը մյուսին հերթ չզիջելով՝ շտապեն Հայաստան: Հարցականի տակ են առնվել նաև ներդրումային այլ նախագծեր, որոնք դեռևս նախորդ իշխանության կողմից ձեռքբերված նախագծեր են։ Դրանցից են «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մոտ 200 մլն դոլար արժողությամբ ծրագրի շուրջ առաջացած բնապահպանական աղմուկը, որը կասկածի տակ է դնում մոտ 300 մլն դոլարի ներդրումը:
 
Այս և մի շարք այլ օրինակներ մեկ անգամ ևս ապացուցում են, որ ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է։ Ավելին, երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա։ Սակայն, սա ոչ թե հոռետեսություն է կամ «չուզողություն», այլ տրամաբանության վրա հիմնված կանխատեսում, որովհետև ներդրումներ ներգրավելու համար պետք են լրջագույն կառուցվածքային բարեփոխումներ և քաղաքական անորոշության բացակայություն: Բիզնեսի մեջ ապագայի հանդեպ վստահություն կա, բայց կա նաև սպասողական վիճակ: Եվ այդ սպասողական վիճակը կտևի մինչև հաջորդ տարվա ընտրություններ: Միայն ընտրություններից հետո, երբ նոր կառավարությունը հնարավորություն կունենա ավելի հստակ ներկայացնել, և որն էլ ավելի կարևոր է՝ իրականացնել վերջերս հանրության դատին ներկայացված տնտեսական նոր ռազմավարությունը: