Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մամեդովն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ներկայիս խորհրդարանը չի արտացոլում և ներկայացնում ժողովրդի շահերը, և, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները եղել են բեմադրություն:

Մամեդովը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ ապրիլին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ամենավատ բեմադրություն են եղել: «Ապրիլին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները եղել են ավելի կտրուկ և բացասական, քան մյուս ընտրությունների ժամանակ»,-գրառման մեջ նշել է Մամեդովը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նշել է, որ Իլհամ Ալիևն երկրում տիրող իրավիճակն ավելի չլարելու համար պետք է համաձայնություն տա Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

«Եթե Ալիևը քաղաքական հասարակական սկզբունքը համարում է պետության ղեկավարման միջոց և չի ցանկանում, որ երկրում տիրող քաղաքական-հասարակական իրավիճակն ավելի լարվի, պետք է համաձայնություն տա Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, սակայն պետք է այնպես արվի, որ խորհրդարանում մի օլիգարխին պատկանող գրպանային պատգամավորները չփոխարինվեն մեկ այլ օլիգարխի պատկանող գրպանային պատգամավորներով»,- ասել է Մամեդովը: