Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Նախարարը նշեց, որ էականորեն փոխվել է թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրման մոդելը:

Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հավաստիացրեց, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում որևէ նախարարության կողմից տրվող լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման հարցում չկա: «Գործողությունները իրականացվում են հստակ ժամկետներում, առանց ուշացումների: Դուք գիտեք, որ գրեթե հանրապետության տարածքի 10 տոկոսը բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Հիմնական շեշտը դրված է պահպանության ռեժիմի վրա: Էականորեն բարձրացվել են աշխատավարձերը: Որոշ տեղերում անտառապահների աշխատավարձերը բարձրացվել են գրեթե 100 տոկոսով, բայց հիմնականում՝ միջինը 50 տոկոսով»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ միջազգային գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում պահպանվող և անտառային տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ: «Տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, հզորացվել են Սյունիքի անտառտնտեսությունները, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Առաջիկա մի քանի օրերին կգնենք նոր շենք, որտեղ կտեղակայվեն բնապահպանության նախարարությանը ենթակա ստորաբաժանումները»,- մանրամասնեց նախարարը

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ մի քանի նոր դրամաշնորհներ կան, որոնք ընթացքի մեջ են: «23.5 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից, այս տարվա ընթացքում դա պարտադիր կստորագրվի: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7.5 միլիոն դոլարի դրամաշնորհ»:

Նրա խոսքով՝ բնապահպանական փորձաքննության գործընթացի առումով, որի վերաբերյալ հասարակության մեջ բազմաթիվ մտավախություններ կան, այս պահին ամբողջովին այլ մեթոդաբանություն է գործում: «Մենք միջազգային ծրագրերի շրջանակներում վարձավճարով ներգրավել ենք երկու բարձր վարձատրվող փորձագետների, ովքեր և՛ մուտք լինելուց, և՛ ելք լինելուց բոլոր փաստաթղթերի եզրակացությունն ուսումնասիրում են, և, եթե նրանք դրական եզրակացություն չեն տալիս, որևէ փորձաքննություն դրական եզրակացություն չի ստանում: Այս ամենը իրականացվում է օրենքի շրջանակներում»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը:

Այս տարի վարչարարության փոփոխության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները: Մասնավորապես, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով ցանկը փոքրացել էր, իսկ կաթնասունների որսը՝ բացառությամբ գայլի և շնագայլի, ամբողջովին արգելվել:

Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և տարածքների գույքագրում, աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, սակայն արդեն կա 40 լքված պոչամբար, որոնք ունեն ռեկուլտիվացիայի կարիք: «Մենք նախնական համաձայնություն ունենք ԵՄ-ի հետ, որ 5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրվի այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի համար»,- ասաց նախարարը:

Օդի մոնիթորինգի համակարգի զգալի բարեփոխումներ են նախատեսվում, կառուցվածքը բաղկացած է լինելու երեք մեծ բաղադրիչից: «Առաջին բաղադրիչը շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգի ձևավորումն է, որի շրջանակում ամբողջովին պետք է փոխվեն մոտեցումները: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսով պետք է տեղեկատվություն ունենա օդի աղտոտվածության մասին: Եվ, առհասարակ, այն աշխատանքը, որը օդի մոնիթորինգի համակարգը իրականացնում է, պետք է լինի առցանց և հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Այդ գծով աշխատանքներ իրականացվում են: Երկրորդ բաղադրիչը թույլտվությունների լիցենզիաների համակարգն է, որը կրկին ամբողջությամբ անցնելու է օնլայն համակարգի, զգալիորեն ուժեղացվելու են մասնագիտական ստորաբաժանումների կարողությունները: Մենք ներգրավելու ենք երկարաժամկետ փորձագետների, ովքեր տարբեր բաղադրիչների գծով մեզ լրացուցիչ ծառայություններ կմատուցեն»,- մանրամասնեց Գրիգորյանը: