ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է։ Այս մասին ՀՀ ոստիկանություն գրություն է ստացվել։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Այլ մանրամասներ չեմ կարող ասել, միայն կարող եմ հաստատել, որ գրություն ստացել ենք»,-ասաց Գաբրիելյանը։

 

ԼՈւՐԵՐ․com-ը հարցի իրավական կողմը հասկանալու համար զրուցեց իրավաբան Հունան Բաբայանի հետ, որը նշեց, որ հետախուզումը դադարեցվում է, երբ հետախուզվող անձի գտնվելու վայրը հայտնի է դառնում։ Իրավաբանը նկատեց, որ այստեղ տրամաբանական խնդիր  կա, քանի որ հետախուզվողի բնակության վայրը, ով լինելը հայտնաբերելուց հետո հետախուզում ասվածը պետք է դադարի։

«Եթե ՌԴ-ն հայտարարել է, որ նա ՌԴ քաղաքցի է և հանձնման ենթակա չէ, հետևաբար, ինչ-որ ստուգողական բան եղել է։ Անձը ենթակա չէ հանձնելու, որովհետև ՌԴ քաղաքացի է։ Դա հանրաճանաչ նորմ է․ բոլորն ունեն դա ամրագրած, այդ թվում՝ ՀՀ-ն»,-ասաց Բաբայանը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն այս դեպքում՝ Բաբայանը նշեց, որ Մինսկի կոնվենցիայով ենթադրվում է, որ երկիրն, ըստ էության, պետք է օգտագործի դատավարական լծակները, որը որոշակի ստիպողաբար գործողություն է։

«Բայց եթե նա իր տարածքում չի ձերբակալել և գտնում է, որ նա ՌԴ քաղաքացի է և հանձնման ենթակա չէ, չկա այդպիսի լծակ նրան պարտավորեցնելու»,- նշեց իրավաբանը։

Անդրադառնալով ԱՊՀ երկրներում հետախուզմանը՝ իրավաբանը նկատեց՝ ԱՊՀ երկրներում հետխուզումը չի դադարեցվել և խնդիրը հետևյալն է՝ ՌԴ իրավապահ մարմինները հետախուզվողին արդյո՞ք թույլ կտան դուրս գալ ՌԴ սահմանններից, և ԱՊՀ այլ երկներում ի՞նչ իրավիճակ կլինի։