Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի բացառում, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մեկ թիմով կգնան ընտրությունների։ 

«Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել։ Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպես կլինեն», - ասաց Սարգսյանը։

Նա նաև նկատեց, որ ամեն ինչ կախված է ուժերի գնահատականներից, ուժերի հնարավորություններից։

«Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան, որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, էդ իմը չի։ Մեր ժողովուրդը եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու իրեն ձայն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա», - հավելեց Սարգսյանը։