«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը գործողություններ է սկսել սահմանին: ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«14:00-ի դրությամբ, ըստ սցենարի, տարածաշրջանում սրվել է դրությունը, սահմանին կուտակումներ կան: Պայմանական հակառակորդն անցել է կտրուկ գործողությունների, երկու կողմից զոհեր ունենք: Հիմա որոշակի գործողություններ են ընթանում: Փախստականների մեծ հոսքի վտանգ կա, որի ընթացքում Հայաստան ահաբեկիչներ կարող են ներխուժել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժության ընթացքում լինելու են նաև այլ պայմանական աղետային իրավիճակներ:

Հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի: Հաջորդ ճեպազրույցը տեղի կունենա 16:00-ին: