Հայաստանի ներքաղաքական իրավիճակը երեկ թեժացրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրությունը` Մարտի 1-ի գործի, Քոչարյանի ու Խաչատուրովի կալանավորումների թեմայով։ Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց մի մասին երեկվա հրավիրված ասուլիսի ժամանակ փորձեցին պատասխանել Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը, սակայն հարցեր կան, որոնց պատասխանները, փաստորեն,  դեռևս չունեն նաև ուժային կառույցների ղեկավարները։ Ովքե՞ր կարող էին կանգնած լինել այդ գաղտնալսման ետևում և որտե՞ղ էր թերացումը ուժային կառույցների, մասնավորապես, ԱԱԾ-ի։ Այս հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի հետ, ով նկատեց, որ ինքնապաշտպանության են դիմում այն մարդիկ, ովքեր դեմ են ներկա իշխանությունների բացահայտումներին՝ իրենց կոռուպցիոն և հակապետական գործունեության մեջ։

«Հաշվարկը եղել է շատ պարզ՝ գաղտնալսել և դրանով վարկաբեկել տվյալ անձնավորություններին, որոնք հիմնական առաջամարտիկներն են այդ ոլորտում․ մենք այդ երկու անձին ենք տեսնում պայքարի մեջ։ Առաջինը՝ վարկաբեկել իրենց, երկրորդը՝ իրենց միջոցով վարկաբեկել պետությանը, նոր իշխանություններին»,-ասաց Պապյանը։

Քաղաքագետը սխալ է համարում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հրաժարականը։ 

«Մարդիկ գործ են անում, և նման ծանր գործերի մեջ վրիպակներ կլինեն։ Այստեղ ավելի շատ ինձ անհանգստացնում է այն, որ ԱԱԾ-ն լավ չի աշխատում սեփական կապի միջոցներն ավելի ապահով դարձնելու համար»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ շահագրգռված խումբը գաղտնալսելու՝ նախկին իշխանություններն են։

Պապյանը նշեց, որ նախկին իշխանություններին աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանը։

«Ռուսաստանը շահագրգռված չէ այս բացահայտումներով՝ կոռուպցիայի բացահայտումով, կարծում եմ՝ Մարտի 1-ի բացահայտումով, որովհետև սա նախադեպ է ստեղծում, իսկ նախադեպերը մարդկանց մեջ ոչ ցանկալի մտքեր են ծնում՝ ասում են, եթե սա հնարավոր է Հայաստանում, ինչո՞ւ հնարավոր չէ Ռուսաստանում»,-նկատեց նա։

Արա Պապյանը չի կարծում, թե ԱԱԾ-ի ներսից կարող է գաղտանալսումը կատարված լինի․ 

«Քիչ հավանական եմ համարում, որ դա կարող լինել ներսից։ Ավելի հավանական է, որ դա կարող է լինել «ՎիվաՍել- ՄՏՍ»-ից, որը ռուսական կազմակերպություն է։ Դա այն սխալներից մեկն է, որ մենք ժամանակին արել ենք՝ կան ոլորտներ, որոնք պետք է լինեն ազգային, չպետք է տրվեն օտարին։ Եվրոպայի ամենահզոր դեմքին՝ Անգելա Մերկելին ևս գաղտնալսել են։ Դա թուլություն նշան չէ,  ավելի՝ անփութության ցուցանիշ է․ նրանք կարող էին խոսել այլ ծրագրերով՝ Viber, Wats up։ Կարծում եմ՝ իրենք մտածել են, որ իրենց խոսակցության մեջ որևէ արտառոց բան չկա, սովորական կիսաընկերական, կիսածառայողական խոսակցություն է, և դա այդպես է»,-ասաց Պապյանը՝ ավելացնելով, որ պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով՝ երկու խնդրով, մեկը՝ զուտ այս դեպքը բացահայտելու համար, մյուսը՝ կանոնակարգելու բոլոր պետական պաշտոնյաների կապի միջոցների օգտագործումը։ Եվ խոսքը միայն հեռախոսների մասին չէ։

Արա Պապյանի մտահոգություններն ավելի շատ կապված են բանակի հետ, քանի որ կարծում է, որ բանակում զանգերը և, ընդհանրապես, կապը ամուր պաշտպանված չէ։

«2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ մենք զոհեր ունենցանք կապի վատ միջոցի պատճառով, և շատ հաճախ օգտագործվել էին բջջայինները։ Եթե ԱԱԾ-ին կամ քննիչներին լսելու նպատակը քաղաքական է՝ վարկաբեկել, ապակայունացնել, բանակի պարագայում՝ մարդկային կյանքեր են, որովհետև լսելով, հակառակորդը կարող է հակաքայլեր անել։ Այդ ոլորտին պետք է շատ ուշադրություն դարձվի»,-ավելացրեց քաղաքագետը։