ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում: Հովհաննիսյանը հայտնել է, որ ներկայացրել է Հայաստանում ազատությունների սահմանափակման, քաղաքական հետապնդման նյութեր, փաստարկներ, նաեւ գաղտնասլված ձայնագրությունը, որը տարածվել էր նախօրեին:
  
Իրավիճակն այդքան աբսուրդային չէր լինի, եթե այս հայցը նոր իշխանությունների դեմ չներկայացներ մի ուժ, որի ներկայացուցիչները մինչ օրս պահպանում են ԱԺ կարևորագույն ղեկավար պաշտոնները: Այս պարագայում ՀՀԿ ակտիվությունը ԵԽԽՎ-ում և ընդդիմադիր զոհի կերպարը կարող է խաղալ ընդդեմ նախկին իշխանության և որևէ կերպ հարվածի տակ չի դնի նորերին, այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ մոտ տրամաբանական հարց է առաջանալու՝ իսկ որտե՞ղ  են բռնաճնշումները: Բացի այդ, ԵԽԽՎ-ն դժվար թե ներքաշվի Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, քանի որ այս պահին չկա նման միջամտության նախադեպ, իսկ հետհեղափոխական, ինչպես կասեր ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ «եռացող» Հայաստանի համար ԵԽԽՎ-ն «անցավ գլուխը ցավի տակ չի դնի», փոխարենը՝ հանրապետականները կարող են հայտնվել բավական անհարմար իրավիճակում:
 
Իհարկե, ՀՀԿ-ն փորձում է անել այն, ինչ կաներ նրա փոխարեն ցանկացած դասական ընդդիմություն, սակայն միակ տարբերությամբ՝ այս պահին Հայաստանում ձևավորված քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում ՀՀԿ-ն որևէ կերպ դասական ընդդիմության տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս ուժը փաստացի պահպանում է վերահսկողությունը ԱԺ-ում, թեկուզև ոչ մեծամասնության տեսքով: Սակայն չմոռանանք, որ ԱԺ նախագահը և երկու փոխնագահները, ինչպես նաև ԱԺ մի շարք հանձնաժողովների նախագահներ՝ Հանրապետական են: Բացի այդ, մյուս կարևոր հարցն է՝ եթե ՀՀԿ-ն խոսում է նախկին իշխանության դեմ առկա բռնաճնշումների մասին՝ փորձում է այդպիսով կանխել ՀՀԿ վերնախավի դեմ նոր իշխանությունների հնարավոր քայլե՞րը, թե՞ այսպիսով պաշտպանում է, օրինակ՝ Ռոբերտ Քոչաչյանին կամ մայր գետից բավական երկար ժամանակ հեռացած Հովիկ Աբրահամյանին: Եթե դա այդպես է, ապա ՀՀԿ-ն ինքն իրեն ծուղակն է գցում, և չի բացառվում որ ԵԽԽՎ-ում ստիպված են լինելու ընդունել՝ իրենք սխալ էին՝ Նիկոլը ճիշտ…
 
 
Ս. Խաչատրյան