Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելու և դրա հետ կապված՝ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

Հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Գևորգ Կոստանյանին ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով չի կարող կազմվել այն դեպքում, երբ նույն հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, իսկ գաղտնալսման փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել տարբեր հոդվածներով և Քննչական կոմիտեի վարույթում քննվում են այդ գործերը։

«Քրեական գործերը հարուցվել են և' գաղտնալսման, և' պաշտոնյայի լիազորությունների սահմանազանցման փաստերի առթիվ, հետևաբար, Ազգային ժողովը չի կարող այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս է դա վրիպել ձեր աչքից»,-ասաց Մարուքյանը։

Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ այդ հանգամանքը չի վրիպել իրենց աչքից, և այդ պատճառով էլ իրենք խնդիրը դիտել են գլոբալ։

«Այո՛, կոնկրետ փաստերի հետ կապված՝ հարուցվել է քրեական գործ։ Բայց մեր քննարկման թեման կոնկրետ փաստերի շուրջ չի լինելու, այլ՝ գլոբալ։ Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյո՞ք իր խոսակցությունը պատշաճ պաշտպանված է», - ասաց Կոստանյանը։