Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության ընթացքում վերջիններս, անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նշում են, որ ունեն բավարար հիմքեր՝ նրան ազատությունից զրկելու համար: Սրան հաջորդեց Քոչարյանի պատասխան-հարցազրույցը, որտեղ նա նշում էր՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը փաստում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ցուցում է տրվում դատավորին:

«Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակարգում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է»,- նշել էր Քոչարյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ գաղտնալսված խոսակցությունը լրիվ հակառակն է ապացուցում. «Վանեցյանի և Խաչատրյանի նախադասությունները, խոսակցության ոճը, հռետորաբանությունը խոսում է ի օգուտ այն բանի, որ պաշտոնյաները համոզված են Քոչարյանի մեղավորության մեջ: Այստեղից ակնհայտ երևում է, որ դատավորը քոչարյանամերձ կամ հենց Քոչարյանից եկող հնարավոր կամ իրական ճնշումներից վախվորած է եղել: Այդ խոսակցության բովանդակությունն այն է, որ դատավորը չպետք է ենթարկվի և չպետք է վախենա Քոչարյանի ճնշումներից, որովհետև կան բավարար հիմքեր նրան կալանքի տակ պահելու համար»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ խոսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն թեզը, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հիմնավորված է և չունի քաղաքական բաղադրիչ, և լրիվ հակառակը՝ Քոչարյանի կողմից կա ճնշում:

Edgar-Vardanyan

Երեկ, լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում, Քոչարյանը բռնապետ անվանեց Փաշինյանին՝ ասելով. «Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը: Ես մեծ կասկածներ ունեմ»: Սրան հետևեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարությունը, որտեղ կոչ է անում համարժեք արձագանքել հայաստանյան ներկայիս քաղաքաղական գործընթացներին, հատկապես մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիտկատորական վարչախմբի իհայտ գալու իրողություններին։

Անդրադառնալով այս հանգամանքին՝ քաղաքագետը նկատեց, որ Քոչարյանն ու Ալիևը համահունչ են գործում և ընդհանուր շահ ունեն. «Երկուսին էլ ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանույթուններին կպցնել բռնապետի պիտակը, որպեսզի կարողանան արդարացնել իրենց սեփական հակաիրավական գործողությունները: Նրանք խախտել և խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ. Քոչարյանը՝ երկրի ներսում արտակարգ դրություն մտցնելով և ըստ ՀՔԾ-ի՝ սահմանադրական կարգը տապալելը կազմակերպելով, իսկ Ալիևն էլ՝ պատերազմի քարոզչություն է անում, ատելություն է սերմանում, խախտում է հրադադարի ռեժիմը»,- նշեց Վարդանյանը: 

Հարցին՝ ի վերջո՝ ո՞ւմ էր պետք գաղտնալսել և հրապարակային դարձնել ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը, քաղաքագետը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ նախկին իշխանություններն էին շահագրգռված այդ գաղտնալսմամբ և հիմա փորձում են օգտագործել իրենց սեփական դիրքերի ամրապնդման և ներկայիս իշխանություններին հարվածելու համար,  բայց դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակ էֆեկտն է ունեցել և ևս մեկ անգամ սխալ հաշվարկ են արել: 

Քոչարյանի և նախկին իշխանությունների նպատակն է՝ հակասություններ ստեղծել հեղափոխական հանրության շրջանում, որ Փաշինյանի լեգիտիմությունը թուլանա: Տեսնելով, որ իրենք հրապարակային գործունեությամբ չեն կարող զբաղվել, քանի որ հանրության մեծամասնությունը տոտալ կերպով մերժում է իրենց և համոզված է, որ նախկին իշխանությունը պատասխանատվություն է կրում հանցագործությունների համար, փորձում են դավադրություններ հրահրել՝ իրենց ռեսուրսներն օգտագործելով ու հավատարիմ մնացած փոքրաթիվ մարդկանց միջոցով:

Իրենց մոտ դա չի ստացվում, քանի որ հասկանում են, որ մեղք են գործել, և ինքնապաշտպանական բնազդը դրդում է ինչ-որ կերպ պաշտպանել իրենց»,-ասաց Վարդանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ խոսակցություն գաղտնալսելն ու հրապարակելը հուսահատական քայլ է նախկին իշխանության կողմից:

Սոնա Հարությունյան