Վարչապետ Փաշինյանի՝ իշխանության գալուց որոշ ժամանակ անց ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ աշխատանքների արդյունքում ձերբակալվեցին հասարակությանը հայտնի ու անհայտ մի շարք դեմքեր: Նրանցից որոշները գրավի դիմաց ազատ արձակվեցին (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ 5 միլիոն դրամ, Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը՝ 50 մլն դրամ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն՝ 2 մլրդ դրամ և այլն), մյուս մասն էլ շարունակում է կալանքի տակ մնալ (Դավիթ Համբարձումյան (Մասիսի քաղաքապետ), Մանվել Գրիգորյան, Արթուր Ասատրյան՝ Դոն Պիպո)

Սակայն, թե ուր են գնում որպես գրավ վճարված գումարները, ի՞նչ կարելի է անել դրանց հետ, և կա՞ արդյոք գրավի սահմանված չափ, թե՞ ոչ` շատերին հայտնի չէ: 

Իրավաբան Գարիկ Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ կալանքի խափանման միջոց ընտրված գրավը փոխանցվում է պետության դեպոզիտ հաշվին, որպեսզի դրանով ապահովվի մեղադրյալի կամ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, բայց տվյալ վարքագծի խախտման դեպքում՝ նիստերին չներկայանալու, առանց թույլտվության տեղափոխվելու և այլն, նա կարող է բռնի մեթոդներով բերման ենթարկվել, իսկ ողջ գրավն ավտոմատ կերպով մնում է պետությանը: 

«Սակայն, եթե հանցանքի մեջ մեղադրվողը դատապարտվում է՝ նախկինում իր համար վճարված ողջ գրավը վերադարձվում է այն մարդուն, ով վճարել էր մեղադրյալի համար, քանի որ կարող են գրավը վճարել թե՛ մեղադրյալը, և թե՛ նրա հարազատները: Նաև չկա գրավի սահմանված չափ. նայած գործի բարդությունից, հոդվածի  ծանրությունից՝ դատարանն ընտրում է գրավի չափը: Սովորական գործերի համար ընդունված է  500. 000-1000.000 ՀՀ դրամը»,-ասաց Գարիկ Սահակյանը և հավելեց, որ դատարանն առավել մեծ գրավ է պահանջում այն մեղադրյալից, որը, հնարավոր է՝ տեղափոխվի կամ այլ կերպ խախտի պատշաճ վարքագծի կանոններն ազատության մեջ: 

Ըստ մեր զրուցակցի, ազատ արձակման դիմաց վճարվող գրավը, գնալով ՀՀ կենտրոնական բանկ, համարվում է սառեցված գումար, և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ. «Կա հատուկ հաշվեհամար, որի վրա փոխանցվում են գումարները»: 

Արմինե Միքայելյան