Զինված խմբավորումներին զինաթափելու և բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների թիկնազորներին «ասֆալտին պառկեցնելու» մասին՝ վարչապետ Փաշինյանի հրամանից հետո բերման ենթարկվեցին մի շարք պաշտոնյաների  թիկնազորի անդամներին: Չնայած այդ հայտարարությունը հասարակության մեջ մեծ սպասելիքներ էր արթնացրել,  հաջորդ օրը հակառակը տեղի ունեցավ՝ վերափոխվեց ծաղրի, քանի որ շրջանառվեցին «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկի և Սամվել Ալեքսանյանի թիկնազորների անդամներին բերման ենթարկելու լուրերը:

Ոստիկանության լրատվության բաժնից էլ տեղեկացանք, որ 3 խումբ է բերման ենթարկվել, որոնցից 2-ի մոտ զենք է հայտնաբերվել և  ներկայում ստուգվում է զենքի օրինականությունը, իսկ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ թիկնազորի անդամներին բերման ենթարկելն աննախադեպ երևույթ չէ: 

Փաստաբան Նորայր Նորիկյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ հետ զրույցում մանրամասնեց, որ ՀՀ-ում գործում է պահնորդական գործունեության մասին օրենքը, ըստ որի՝ իքս մարմինը գումար է վճարում ինչ-որ մարմնի՝ որոշակի անվտանգության ծառայություններ իրականացնելու համար: 

«Այս եղանակով թիկնազոր ունենալը կանոնակարգված աշխատանք է: Չեմ կարող ասել, թե վարչապետն ինչ ենթատեքստով է ասել, սակայն ոստիկանությանը ՀՀ օրենքը հստակ իրավունք է տալիս  նման մի շարք գործողություններ իրականացնել: Հնարավոր էր, որ ոստիկանությունն այդ քայլով կանխարգելիչ գործողություն է իրականացրել»,-ասաց Նորայր Նորիկյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ թիկնազորի անդամները պետք է ոստիկանության կողմից արտոնագրվեն, լիցենզավորվեն, և զենքի կրման թույլտվությունները պետք է ստանան ոստիկանության կողմից ու մշտապես գտնվեն ոստիկանության հսկողության ներքո: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: Այնուհետև մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամներն  էին: