Ազգային ժողովում այսօր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները քննարկելու նպատակով Քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Հարցի քննարկման ժամանակ որոշման նախագծին դեմ հանդես եկած պատգամավորները հայտարարում էին, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար, մինչդեռ այդ գործով հարուցված է քրեական գործ, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքով արգելվում է ձևավորել Քննիչ հանձնաժողով այն դեպքում, երբ տվյալ հարցով կա հարուցված քրեական գործ։

Նախաձեռնության հեղինակներն, իրենց հերթին, պնդում էին, որ Քննիչ հանձնաժողովը ոչ թե ուսումնասիրելու է տվյալ գործը, այլ գաղտնալսումը առիթ է՝ Հանձնաժողովում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, քանի որ մտավախություն կա, որ կարող են գաղտնալսել ցանակած քաղաքացու:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը տեսակետ հայտնեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի խախտմամբ և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով. «Այսօր հայտարարվեց պաշտոնական անձանց գաղտնալսելու համար քրեական գործ հարուցելու մասին և նույնիսկ վստահ չեմ, որ կա քրեական գործը վարույթ ընդունած քննիչ, բայց խորհրդարանական հանձնաժողովն արդեն պետք է գործով ուսումնասիրություն տանի: ՀՀԿ-ն վերջնականապես կործանելու է առանց այն էլ խաթարված դատաիրավական համակարգը: Եթե կա հարուցված քրեական գործ, ապա դրանով պետք է պարզվի ամեն բան, և եթե հիմա փորձեն միջամտել և տեղեկություն ստանալ, ապա խանգարելու են նախաքննությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն մտքին, որ ՀՀԿ-ն մտավախություն ունի, թե ցանկացած քաղաքացի կարող է գաղտնալսվել, Պապիկյանը նշեց. 

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք կար նման պրակտիկա. ապացույցներ կան, որ այլ կարծիք ունեցող ցանկացած ոք գաղտնալսվել և հետապնդվել է, այնպես որ՝ պետք չէ ինքնախաբեությամբ ու պոպուլիզմով զբաղվել: Պետք չէ ԱԺ ամբիոնը օգտագործել՝ իբրև թե մտածում են մարդու իրավունքների մասին:

Դա կեղծ օրակարգ էր և հակահեղափոխական քայլ: Փաստորեն, հիմա ԱԺ-ում կա հանձնաժողով, որը, ըստ էության, հակահեղափոխական ուժերը օգտագործելու են ամպագորգոռ հայտարարություններ անելու համար: ԱԺ-ում հանձնաժողով են ստեղծում՝ ձևացնելով, թե մտավախություն կա, որ կարող են գաղտնալսել: Չկա մտավախություն, կա փաստ, որ լսել են»

Փաստաբանի կարծիքով, ՀՀԿ-ից անակնկալներ դեռ շատ ենք տեսնելու, եթե հեղափոխական իշխանությունը թույլ տա. «Մոտավորապես այնպես, ինչպես գաղտնալսումն էր: ՀՀԿ-ն որոշակի ժամանակ պասիվ մնաց՝ գիտակցելով, որ վարկաբեկված է և խոսելու իրավունք չունի: Անցան ամիսներ, կրքերը հանդարտվել են, և հիմա նոր մարտավարություն են մշակում, հիմա աստիճանաբար արհեստական կառույցներ ստեղծելով, կսկսեն խայծեր տարածել»,-եզրափակեց Պապիկյանը: 

Հիշեցնենք, որ համացանցում սեպտեմբերի 11-ին տարածվել էր տեսանյութ, որում ներկայացվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: 

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ։

Սոնա Հարությունյան