Հստակ դիրքորոշում կա, որ ՀՀ-ն կգնա բանակցությունների միայն Հայաստանի անունից և բոլոր այն հարցերում, որոնք դուրս են մեր ղեկավարությունից, պետք է բանակցի միայն Արցախի հանրապետությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը և հավելեց, որ Ադրբեջանն անորոշ վիճակում է մեր այս դիրքորոշումից, քանի որ չի կարողանում իր ժողովրդին բացատրել, թե ինչու բանակցությունների չի գնում։

Քաղաքագետը համոզված է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում շատ կարևոր է խաղի կանոնները փոխել։ «Տարիներ շարունակ մենք նույն դիրքորոշումն ենք ունեցել հարցի կարգավորման գործում, և սայլը տեղից չի շարժվել: Հիմա վարչապետ Փաշինյանը փոխել է  ձևաչափը և պետք է նաև այս կերպ փորձենք, տեսնենք՝ ինչ կստացվի․ պատասխանատվության շրջանակները փոխվել են»,-մանրամասնեց Մանվել Սարգսյանը, հավելելով, որ մինչև հիմա հաջողության չհասնելու մեր միակ պատճառը նախորդ իշխանությունների լղոզված և անհասկանալի քաղաքականության հետևանքն է։

Իսկ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից անցկացվող  առաջիկա լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մասով Մանվել Սարգսյանը նկատեց․ «Ղարաբաղյան անվտանգության խնդիրը շատ կոնկրետ փուլում է հիմա։ Իսկ Հայաստանում օրերս տեղի ունեցող զորավարժությունները, որոնք կառավարման համակարգի զգոնության ու անվտանգության համար է նաև, հակառակորդն ընդունեց որպես պայմանական պատերազմ մեր կողմից, և, բնականաբար, նրանք սա սադրանք որակեցին ու առաջիկայում կարելի է նմանօրինակ քայլ սպասել»։

Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանում առաջիկա զորավարժությունները որևէ կերպ ազդեցություն չեն ունենա Արցախի և Հայաստանի վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է, որ  սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։

Արմինե Միքայելյան