ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 22 ամյա երիտասարդ, ով հետագայում ճանաչվել էր տուժող:

Հայտնել էինք նաև, որ հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փնտրվում է նույն քաղաքի' 1977թ. ծնված բնակիչը:

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Չարենցավանի բնակիչ, 1977 թվականին ծնված քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: