«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ամֆիթատրոնում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ներկայացրեց դաշինքի ծրագրի 9 հիմնական դրույթները: Քաղաքապետի թեկնածուն կարևորեց ուղիղ ժողովրդավարության գործադրումը:

«Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Նրա կարծիքով՝ հաջորդ կարևոր կետը տրանսպորտի վիճակի բարելավումն է, որը ենթադրում է տրանսպորտային ամբողջական ցանցի արդիականացում, միասնական տոմսի և զեղչային համակարգի գաղափարի ներդրում:

«Միասնական տոսմը ժամային տոմս է: Այսինքն քաղաքացին գնում է տոմս ինչ-որ ժամանակահատվածի համար ու այդ ընթացքում օգտագործում է այն բոլոր տեսակի հասարակական փոխադրամիջոցներից օգտվելիս»,- հավելեց Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 9 կարևոր դրույթների մեջ է մտնում նաև մետրոյի առնվազն մեկ կայանի կառուցումը, 4-րդ կարգի վթարային շենքերիի բնակիչների համար վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ բնակարանաշինության ոլորտում «համայնք-մասնավոր հատված» համագործակցության հնարավորություններն օգտագործելով, դպրոցաշինության զարգացումը, կանաչ տարածքների ընդլայնումը, վերելակների նորոգումը, բոլոր չգործող շատրվանների վերագործարկումը, նորերի կառուցումը և այլն:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները: