«Շտապօգնության բոլոր մեքենաները կտրամադրենք անխտիր բոլոր մարզերին: Դրանց պակաս Հայաստանում չենք ունենալու, երաշխավորում եմ»: Այս մասին նախորդ ամիս հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ Չինաստանից Հայաստանին տրամադրվող շտապօգնության մեքենաների մի մասը բերվեց ՀՀ: 

Սակայն իշխանափոխությունից հետո տեղի ունեցած այս իրադարձությունը հանրությունը  վերագրեց ներկայիս նախարար Թորոսյանին, ինչն էլ ավելի էր հաստատում Արսեն Թորոսյանի՝ վերը նշված երաշխավորական խոստումները: 

 

Սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը, ինչի մասին քիչ է խոսվում: Տվյալ շտապօգնության մեքենաները ՀՀ-ին նվիրաբերելու մասին հայտարարվել է դեռևս 2016 թվականին՝ նախկին նախարար  Լևոն Ալթունյանի ղեկավարման ժամանակ: Այնուհետև, 2017թ. մայիսին, Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը ՉԺՀ-ի հետ կնքում է պայմանագիր, համաձայն որի՝ Չինաստանը ՀՀ-ին պետք է տրամադրեր շտապօգնության 200 մեքենա: 

Նախկին նախարար Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կրկին հաստատեց, որ տվյալ մեքենաների մասին պայմանագիրը  կնքվել է նախկին նախարարի օրոք: «Դեռ ավելի շուտ պետք է շտապօգնության մեքնաները բերվեին Հայաստան՝ այս տարվա սկզբին, սակայն այնտեղ պետք է տենդեր հայտարարվեր ու հաղթողն զբաղվեր այդ հարցերով: Առաջինը դրա պատճառով ուշացավ, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մենք ռեանիմոբիլներ էլ էինք ուզել, այդ իսկ պատճառով վերջերս նոր ժամանեցին Հայաստան»,- ասաց տիկին Հայթայանը: 

Հիշեցնենք, որ ՉԺՀ-ն 2011թ.-ին ՀՀ-ին տրամադրել էր շտապօգնության ևս 88 մեքենա, որոնք այդպես էլ խնդիր չկարգավորեցին և մի շարք քաղաքներ ու համայնքներ շարունակում էին բավարարվել սովետական «ՈՒԱԶ»-ներով: 

Արմինե Միքայելյան