Օրեր անց կավարտվի քարոզարշավը: Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել` առաջին անգամ Հայաստանում տեղի կունենան աննախադեպ ընտրություններ: Գուցե վարչապետի հայտարարությունն արդարացվի օրինականությունների և ընտրակաշառքը բացառելու առումով, բայց այն, որ պայքարող ուժերի, քաղաքապետի թեկնածուների միջև անառողջ մթնոլորտ է ձևավորվել՝ փաստ է: Ասածիս վառ օրինակը հանրահավաքների ժամանակ քաղաքապետի թեկնածուների կողմից մեկը մյուսի հանդեպ «ցեխ շպրտելու» երևույթն է:

Վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան ԵԼՔ դաշինքի մաս կազմող «Իմ քայլը» և «Լույս» դաշինքների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Լույս» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց՝ ասելով, որ քաղաքական ուժերի միջև սև քարոզչություն սկսվեց՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքական ուժերին սև ու սպիտակի բաժանելու պահից: ԵԼՔ-ից մեկ այլ պատգամավոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ քաղաքական կոնսենսուսի կոչ արեց Նիկոլ Փաշինյանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն,անդրադառնալով վերջին իրադարձություններին, նշեց. 

«Մենք ընտրություններին մասնակցում ենք երկու տարբեր քաղաքական միավորումներով, այսինքն՝ պառակտման բան չկա: Մենք նշել ենք, որ ԵԼՔ դաշինքը գոյություն ունի միայն Ազգային ժողովի ֆորմատով: Այս պահին ընտրություններին մասնակցում ենք որպես հեղափոխական՝ «Իմ քայլը» դաշինքով, որտեղ ընդգրկված են հեղափոխությանը իրապես մասնակցած անձինք: Իսկ մեր մյուս գործընկերները փորձել են «Լույս» դաշինքով փորձել իրենց ուժերը ավագանու ընտրություններում»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյո՞ք ներքին լարվածություն չկա երկու ուժերի միջև, քանի որ հաճախ մեսիջներ են հղում իրար, և միմյանց միջև բանակցություններ եղե՞լ են, Կոստանյանը պատասխանեց.

«Այս փուլում մենք գտնվում են քարոզարշավի մեջ և հանրությանը ոչ հայտնի քաղաքական գործընթաց մեր մեջ չի եղել»:

Մենք փորձեցինք զրուցել նաև Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: 

 

Նկատենք, որ հեղափոխության վերջնական հաղթանակն արձանագրելու համար ներկայիս իշխանությանն անհրաժեշտ են դաշնակիցներ, մի քանի ուժերի աջակցությունը, իսկ ստեղծված իրավիճակը ամենևին էլ լավ վերջնարդյունք չի խոստանում:

Սոնա Հարությունյան