Երևանի նախկին «Դվին» հյուրանոցի շինհրապարակում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ մեծ միջոցառում, որի ընթացքում սեփականատեր Արտակ Թովմասյանը երևանցիների հետ միասին որոշեց նաև հյուրանոցի անունը, այն է՝ «Դավիթ Բեկ»։ «Ճիշտն ասած, մի քանի անուններ ենք մտածել, բայց, ինչպես տեսնում եք՝ կանգ առանք «Դավիթ Բեկ»-ի վրա։ Այս հյուրանոցը լինելու է մայրաքաղաքի այցեքարտերից մեկը»,-իր ելույթում ասաց Արտակ Թովմասյանը և հատուկ շնորհակալություն հայտնեց հյուրանոցի շինարարական աշխատանքները համակարգող Արտակ Ավետյանին։ Թովմասյանը նաև նշեց, որ այս հյուրանոցային համալիրը նվիրում է Երևանի 2800-ամյակին։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, ով նաև շինարարական աշխատանքները համակարգողն է։ Արտակ Ավետյանը, ողջունելով համաքաղաքացիներին, նշեց, որ այս հյուրանոցի ճարտարապետներն արժանացել են պետական մրցանակների։ 

Նշենք, որ 78 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող  հյուրանոցը լինելու 5 աստղանի՝  400 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղիով, մի շարք երկրների խոհանոցներով, 5 լողավազաններով, գիշերային ակումբով, ժամանակակից ժամանցի սրահներով, և այս ամենին զուգահեռ՝ պահպանվելու է նաև Երևանի հին բարը։ Իսկ արդեն բացումը տեղի կունենա 2019 թվականին։

Ներկայում կառուցվող հյուրանոցը նախկին «Դվին»-ից 2 անգամ ավելի մեծ տարածք է զբաղեցում: Այն կարող է մրցել համաշխարհային հյուրանոցների լավագույն օրինակների հետ իր հագեցվածությամբ և նորություններով։ Հյուրանոցի աջ կողմից վեր է խոյանալու նախկին «Լեռնեցիների պարը» քանդակը։