«Սելֆիի ժամ» նախաձեռնությունը Մշակույթի նախարարությանը չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

«Դա ընդհանուր միջոցառումների ցանկում է։ Մշակույթի նախարարության նախաձեռնությունների ցանկում են թատերական, արվեստին վերաբերող աշխատանքները»,-ասաց նախարարը։

Մակունցն, անդրադառնալով «Սելֆիի ժամ» միջոցառմանը, նշեց, որ նոր Հայաստանում, նոր իրավիճակում շեշտը դրված է ոչ թե լուսանկարվելու, այլ հասարակական, հանրային, քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև որևէ «դիստանցիա» չլինելու վրա։

«Չկա անհասանելիության սկզբունքը։ Սա է ամբողջը, որ իրենք Հանրապետության հրապարակում շփվեն, ինչու չէ՝ նաև լուսանկարվեն»,-ավելացրեց Մակունցը։