Շուրջ երեք ամիս Վայոց Ձորի մարզի Շատինի համայնքապետարանը պարալիզացրած բնակիչներն այսօրվա բանակցություններից հետո դադարեցրել են  բողոքի ակցիաները:

Նախ նշենք, որ ամիսներ շարունակ Շատին համայնքի բնակիչներն, ընդդեմ ներկայիս համայնքապետ Արթուր Ստեփանյանի, բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց՝ օր ու գիշեր հսկելով շենքը, որպեսզի մարդ չմտնի: Սակայն այս ամենը որևէ լուրջ արձագանք չի ստացել լիազոր մարմինների կողմից: Ավելին՝ խոսվում է ան մասին, թե այդ ակցիաները հրահրվում են նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Տիգրան Խուդոյանի կողմից, քանի որ վերջինս նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններում պարտվել է Արթուր Ստեփանյանից:

 

Տիգրան Խուդոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախ մանրամասնեց, որ նախկինում է եղել ՀՀԿ անդամ և շատ կարճ ժամանակով, միևնույն ժամանակ՝ հերքեց այն լուրերը, թե ներկայիս համայնքապետն անկուսակցական է. «Սուտ են այդ լուրերը, Ստեփանյանը նախկինում եղել է ԲՀԿ անդամ, հետո էլ առաջադրման պահին արդեն եղել է ՀՀԿ անդամ, հեղափոխությունից հետ էլ, ինձ հասած տեղեկություններով, դարձել է անկուսակցական ու բնակիչների հիմնական բողոքը նրան է ուղղված: Քանի որ նա ուզում էր սեփականացնել համայնքի կենտրոնում գտնվող շինությունը՝ հյուրանոց կամ բնակարան կառուցելու, որը նախատեսված էր մանկապարտեզի համար: Իսկ համայնքապետի բժշկուհի քենին, որը ևս շահագրգռված էր սեփականաշնորհմամբ, սկսեց աջակցել Ստեփանյանին, և արդյունքում՝ նա ընտրվեց համայնքապետ ու առաջացան բողոքի այս ակցիաները»:

Տիգրան Խուդոյանը պնդում է, որ համայնքապետը մի քանիսի ձեռքին խաղալիք է դարձել, որոնցից մեկը ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնաթող պաշտոնյա է՝ Հովիկ անունով: Ըստ Խուդոյանի՝ նա պարզապես պայքարել է, որ տվյալ շինությունը լինի մանկապարտեզ, ու  նույնը ցանկացող և ակցիա իրականացնող քաղաքացիներին այդ պատճառով են կապում իր անվան հետ:  Խուդոյանը մեզ հետ զրույցում նաև հաստատեց այն լուրերը, թե այս պահին հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, նշելով, որ տվյալ կուսակցության նպատակները համընկնում են պետական շահի հետ: Իսկ թե ինչու է լքել ՀՀԿ շարքերը, պատճառը հստակ է՝ «կուսակցության գաղափարներն ու քայլերը չեն համապատասխանում իրար»:

 

Վայոց Ձորի Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց ցուցարարների հետ բանակցությունների մասին: Տոնոյանի խոսքով Շատինի բնակիչների հետ խոսակցության ողջ նպատակը խնդիրն իրավական դաշտում լուծելն է եղել: «Համագյուղացիների հետ, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների հետ քննարկել ենք, որ ավելի լավ է՝ այս խնդրով զբաղվենք բացառապես իրավական դաշտում և բոլորովին թափանցիկ կերպով: Այժմ բողոքի ակցիաներն ավարտված են, բնակիչներն իրենց տներում են, ինչի համար շնորհակալ եմ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին»,-ասաց փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունն այս երեք ամիսների ընթացքում որևէ քայլ չի՞ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար, փոխմարզպետը հակադարձեց. «Իսկ ինչպե՞ս կարող էր ոստիկանությունը քայլեր ձեռնարկել համայնքապետարանը հսկող ծեր կանանց ու երեխաների դեմ: Իհարկե, իրավական առումով կարող էին անել, սակայն բարոյապես ճիշտ չէ դա, այստեղ գործ ունենք երեխաների և ծերերի հետ: Ես բազմիցս խոսել եմ հավաքվածների հետ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հիմա ամեն ինչ իրավական հարթակում կբացահայտվի և գործին ընթացք կտրվի»,-ասաց Ռազմիկ Տոնոյանը:

Արմինե Միքայելյան