Սեպտեմբերի 21–ին «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանը կդառնար 60 տարեկան։
 
Աշոտ Մանուկյանը 1990 թվականի հունվարի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ պետք է ստեղծել կամավորական ջոկատ,Դավիթաշենում կազմավորեց այն ու երեք օր հետո մեկնեց Արցախ։ Առաջին իսկ օրերից ջոկատը կատաղի մարտեր է տվել՝ Երասխավանից մինչև Շուշիի ազատագրում։
 
Արամ Խաչատրյան համերգասրահում Աշոտ Մանուկյանին նվիրված հուշ-երեկոյին մասնակցում էին հրամանատարի մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները։
 
Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը,  «Սասունցի Դավիթ» ջոկատին միացել է 1990 թվականի մայիսին՝ որպես ռազմական խորհրդատու։ Նրա խոսքով՝ Աշոտ Մանուկյանից սովորելու շատ բան կար։
 
 
«Այն, ինչ պետք էր մարտի դաշտում, ինքը մտածում էր՝ հացից սկսած։ Մարտական ոգի ուներ նա։ Ես նրանցից եմ դա սովորել։ Ես ունեի ռազմական գիտելիքներ, իրենք մարտական ոգի»,- ասում է Կամանդոսը։
 
Հրամանատարին շնորհավորելու էին եկել նաև մերօրյա հերոսները։ Ապրիլյան պատերազմին մասնակցած ու սեփական արյան գնով հայրենիք պահած տղաները հպարտ են, որ կարողացել են շարունակել Աշոտ Մանուկյանի գործը։
 
1 ժամից ավել արցունքներ, ժպիտներ, հիշողություններ ու հաղթանակի իրական զգացում։ Երեկոյի ընթացքում հայրենասիրական երգերով հրամանատարին շնորհավորեցին Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը, Ներսիկ Իսպիրյանը, Մաշա Մնջոյանը, Արսեն Գրիգորյանը, Ասոն, Ռուսլանը, Համլետ Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը։
Իր պարային համարներով ելույթ ունեցավ նաև «Մուշ» պարային համույթը։
 
Աշոտ Մանուկյանն ու իր տղաներն Արցախի ամենաթեժ կետերում էին։ Անձնազոհ նվիրում, անսահման հայրենասիրություն ուներ Աշոտ Մանուկյանը, բայց այդպես էլ չապրեց Արցախյան պատերազմում կերտված հաղթանակի բերկրանքը։ Հրամանատարի կյանքի թելը կտրվեց հաղթանակը տոնելուց ընդամենը 4 ամիս առաջ։
 
Ծնունդդ շնորհավո՛ր, հրամանատա՛ր։