ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ սեպտեմբերի 22-ին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանության անցկացրած խուզարկությանը:

«Ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, հետագայում հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Օսիպյանը:

Նա փաստեց՝ ոստիկանությունը տիրապետում է ողջ ՀՀ օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում սոցցանցերում ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է:

Ոստիկանության պետը հայտնեց, որ ընտրակաշառքի թեմայով մի քանի քրեական գործեր են հարուցված, իրականացվում է համապատասխան վարույթ: Նա չցանկացավ հայտնել, թե որ քաղաքական ուժի, կամ ուժերի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանել. «Որպեսզի չդիտվի որպես հակաքարոզչություն, կամ քարոզչություն, այժմ ոչինչ չեմ ասի, կանդրադառնանք ընտրություններից հետո»:

Ոստիկանություն պետը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ընտրախախտում չի արձանագրվել:

«Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չեն արձանագրվել որևիցե կոպիտ խախտումներ՝ նաև ոստիկանության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ»,- եզրափակեց Օսիպյանը: