«Իմ Քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ևս 9/47 ընտրատեղամասում  կատարեց իր ընտրությունը: Սակայն մինչ քվեարկելը լրագրողների հետ զրույցում Մարությանը վստահեցրեց, որ տեղյակ չէ ընտրակեղծարարությունների մասին լուրերից:

Իսկ այն հարցին, թե իր ստացած ձայները «Հայկ Մարության» կերպարի համա՞ր են լինելու, թե՞  նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն է առաջադրել, Մարությանն ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմում»: Այն դիտարկմանը, որ այս ընտրություններում չհաջողելու դեպքում հնարավո՞ր է վերջինս կոալիցիա կազմի մեկ այլ ուժի հետ, Մարութանը նշեց, որ իր համար կարևոր չէ, թե ինչ ճանապարհով կկարողանա Երևանը դարձնել բարեկեցիկ: 

 

Նախկինում ընտրակեղծարարների և ընտրակեղծարարությունների դեմ պայքարող Հայկ Մարությանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իր թիմում չկան ընտրակեղծարարներ, առավել ևս՝ նախորդ իշխանություններից. «Ես չեմ ճանաչում հանրապետական ընտրակեղծարարներին, ես բոլորին չեմ ճանաչում և ընդհանրապես չեմ ճանաչում իրենց»:

Այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք Հայկ Մարությանը, որ ՔՊ-ից   զանգում և հորդորում են մարդկանց՝ ԲՀԿ-ի օգտին չքվեարկել, քանի որ ըստ զանգահարողների՝ ԲՀԿ-ի ետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, Մարությանը խուսաողական պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ, լուրերը տարածողներից հարցրեք»:

Նշենք, որ Հայկ Մարությանն ընտրատեղամաս էր եկել իր դստեր հետ, իսկ ընտրությունը կատարելուց հետո նշեց, որ քվեարկել է հանուն պայծառ ու ծաղկուն Երևանի: