«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ:

16:50 Արաբկիրի 4/34 ընտրատեղամասում եղել է այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ: Դիտորդը տեղեկացրեց, որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես, ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց:

 

Երկու դեպքում ընտրողներին, որոնց փոխարեն այլ ընտրողներ արդեն ստորագրել էին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում, իսկ մյուս դեպքում՝ ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել՝ 16:30-ի դրությամբ ընտրությանը չի մասնակցել:

Դիտորդը ներկայացրել է պահանջ՝ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է, համապատասան պարզաբանում տվել է, ուստի՝ խախտում առկա չէ:

15:34  Ավանի 1/3 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ է եղել. Տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով, իբրև թե, եկել էր օգնելու, որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել:

Սակայն պարզվել է, որ այդ տղամարդն արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում: