ՀՀ Նախագահի' 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի' 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։

ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

Ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել' քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել' քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որեւէ մեկը չի բողոքարկվել 3 հաղորդում քննարկման փուլում է:

Աշխատանքային խմբի տեղեկանքին՝ բաղկացած 189 էջից, կարող եք ծանոթանալ կից։

Աշխատանքին խումբը համագործակցել է ինչպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաեւ վերջիններիս կողմից։ Մասնավորապես ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ա.Սերգեեւը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին բարձր են գնահատել համագործակցությունը: