Մանհեթնի «Յեյլ» Ակումբում այսօր տեղի է ունեցել վարչապետի փակ հանդիպումը: Դրա ընթացքի և վարչապետի ելույթի մասին հայտարարություն է տարածել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը: Ըստ Մարտիրոսյանի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Երևան վերադառնալուն պես՝ սկսելու է բանակցություններ՝ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին, քանի որ, ըստ Փաշինյանի, իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում առաջիկա ամառվա ամիսների համար նախատեսած իր այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել, և որ ակնհայտորեն՝ դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլև ՔՊ-ի՝ ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ:

Մինչ Երևանի ավագանու ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ այս ընտրություններն իրական ցուցիչ կլինեն՝ հասկանալու՝ ինչ տիպի շանս ունեն Փաշինյանն ու իր քաղաքական թիմը: Պնդումներ կային, որ կառավարման այս ընթացքում ինչ-որ չափով մարել է հեղափոխական էյֆորիան և շատ հնարավոր է՝ խորհրդարանական ընտրությունները տապալեն իշխանությունները:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ԲՀԿ-ն որևէ խնդիր չունի նման քննարկումների. անգամ ողջունում են քննարկումները:

Իսկ թե կուսակցությունն ունի՞ հստակ դիրքորոշում խորհրդարանի լուծարման վերաբերյալ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Եթե քննարկումները տեղի չեն ունեցել, և քննարկման առարկան ավելի մեծ սպեկտրով չի եղել, ես չեմ կարող որևէ հեռանկարային կամ հիմնավոր բան ասել. մենք ողջունում ենք նման քննարկումները»:

ԱԺ ԵԼՔ խբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խմբակցության բոլոր անդամներն էլ համախմբված են «արդար ընտրությունների նպատակի շուրջ»: 

«Մենք համզոված ենք, որ ԵԼՔ-ի գործողությունները միտված կլինեն այդ օրակարգի իրականացման համար»,-եզրափակեց Լենա Նազարյանը:

Մենք փորձեցինք Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ լսել նաև Հայ հեղափոխական դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության տեսակետը, սակայն նրանք խիստ զբաղված էին և այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին:

Նշենք նաև՝ Փաշինյանից առաջ էր անցել պատգամավոր Ալեն Սիմոնյանը. վերջինս Փաշինյանից առաջ անցնելով՝ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»: