«Վերջին 23 տարիների ընթացքում մենք առաջին անգամ ունեցանք իրապես ազատ և թափանցիկ ընտրություններ, և այն քաղաքացիները, որոնք գնում էին ընտրական տեղամասեր՝ համոզված էին, որ իրենց քվեն չի կեղծվելու»։ Այս մասին «Ամփոփելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները. ինչպե՞ս են գնահատում քաղաքական ուժերը քվեարկությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով ընտրախախտումներին՝ նա նշեց․

«Եղել են որոշակի ընտրախախտումներ, մի մասը տեխնիկական էին, մի մասը՝ կապված էին հանձնաժողովի անդամների, նախագահների, քարտուղարների աշխատանքի հետ, ովքեր փորձում էին խոչընդոտել մեր վստահված անձերի և հանձնաժողովի անդամների գործունեությունը, կոծկել լուսանկարահանման դեպքերը»։

Նա նկատեց, որ նման որակի ընտրություններ ՀՀ-ն չի ունեցել։

««Իմ քայլը» դաշինքը հենց հեղափոխական ցուցակն էր ներկայացնում, և հավաքած 81 տոկոսը փաստում է, որ հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխությունը մտել է արդեն քաղաքապետարան, ուստի ՀՀ-ին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Կոստանյանը։