«Քաղաքացիական կուսակցության» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց քաղաքապետարանում սպասվող հավանական կադրային փոփոխությունների մասին:

«Ավագանու ցուցակում և ցուցակից դուրս նեղ մասնագետներ, ովքեր երկար տարիներ տարբեր պայքարների են դուրս եկել Երևան քաղաքի հետ կապված՝ քաղաքաշինության մասնագետներ, աղբահանությամբ, համատիրոթյուններով զբաղվեղ մարդիկ՝ նրանց մի մասը կշարունակեն իրենց աշխատանքները հասարակական հիմունքներով, իսկ մյուսները գուցե ներգրավվեն քաղաքապետարանում ադմինիստրատիվ աշխատանքներում»,- նշեց նա:

Հարցին՝ գրեթե 20 տարի պաշտոնավարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը կշարունակի՞ մնալ նույն պաշտոնին, Կոստանյանը պատասխանեց.

«Այսօր իր պաշտոնին է և մինչև ավագանու առաջին նիստը՝ կլինի, դրանից հետո՝ Կամո Արեյանը կիմանա»:

Կոստանյանի խոսքով՝ կադրային ջարդ չի լինելու՝ անկախ կուսակցական պատկանելիությունից. «Նրանք, ովքեր իրենց տեղում են, շարունակելու են իրենց աշխատանքները, մյուսները՝ հասկանալով քաղաքապետարանում ստեղծված նոր իրողությունները՝ իրենք կհեռանան»:

Կամո Արեյանը 1997-2001 թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2002 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 2002-2003 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։ 2003 - 2009 թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

2017թ-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց: