«Խնդրեցի մի ամիս ժամանակ տալ՝ ասացին՝ օր ենք տալիս՝ շնորհակալ եղիր: Ես էլ րոպե ավել չմնացի այդ մարդու մոտ. գրեցի, շենքից դուրս եկա»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը:

Նախ նշենք, որ ՀՀ կառավարությունում գործերի կառավարչության գլխավոր գործավարուհի Նարե Գրիգորյանը հատարարությամբ  էր հանդես եկել՝ ասելով, որ վարչապետ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը երեկ իրեն ստիպել է  աշխատանքից ազատվելու դիմում գրել: 

 

Նարե Գրիգորյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե վախենում է իր 7-ամյա տղայի անվտանգության համար.«Վախենում եմ, որովհետև երեխա ունեմ, նա դպրոց է հաճախում... Ի՞նչ իմանամ՝ ինչ կանեն: Աղաջանյանի մոտ գնալու համար քիչ մնաց սեղանը գլխիս տային: Կարող է՝ այնպես անեն, որ ոչ մի գործատու ինձ աշխատանքի չվերցնի»:  

Գրիգորյանի խոսքով, ինքն աշխատանքից ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ Պապիկյանն այլ աշխատակցի ներկայությամբ իր վրա գոռացել և մեղադրել է, թե իբր ինքն իր գործից գլուխ չի հանում, և որ՝ «վեցը խփեց՝ գնում է տուն»:  Ըստ մեր զրուցակցի՝ իրեն և իր գործընկերներին հորդորել են աշխատել աշխատանքային ժամից ավել, երբ աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակվել Վահան Պապիկյանը, ավելին՝ Նարե Գրիգորյանի պնդմամբ՝ հավելյալ աշխատաժամերի համար իր գործընկերները չեն վարձատրվում: 

«Եթե նույնիսկ նրանք ինձնից ներողություն խնդրեն, ես իրենց հետ չեմ աշխատի, չեմ վերադառնա: Շատ դժվար է 30-ամյա մարդկանց հետ աշխատել, երբ նրանց ոչ ոք չի պատրաստել ղեկավար աշխատանքի: ԽՍՀՄ տարիներին կոմերիտմիություն կար, կուսակցական բարձրագույն դպրոց կար, իսկ նորանկախ Հայաստանում ոչ ոք կադրեր չի պատրաստել, և դա էլ Հանրապետական իշխանութան բացթողումն է»,-ասաց կառավարության նախկին աշխատակիցը և հավելեց, որ առանց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հավանության՝ Պապիկյանը չէր կարողանա իրեն ազատել աշխատանքից:

 

Գրիգորյանի միակ բողոքն այն է, որ իրեն անհիմն ազատել են աշխատանքից այն պատճառով, որ համարձակվել է գնալ աշխատակազմի ղեկավարի մոտ: «Պապիկյանն ինձ ասաց՝ Աղաջանյանն ինձ է պաշտպանելու, ոչ թե քեզ: Ամեն մի ժողովի ժամանակ Պապիկյանն ասում էր՝ շնորհակալ եղեք, որ ձեզ չեմ հանում ու իմ մարդկանց չեմ բերում: Այդ բառերը վերաբերում էին մեր բաժնի շարքային և միջին օղակի աշխատողներին և կապ չուներ, որ նախկին իշխանության ժամանակվանից էինք աշխատում, թե մեր մեջ նորերը կան: Բոլորն անգրագետ էին և անուղեղ: Բայց հին աշխատողներից երեք-չորս հոգի էինք մնացել...Մնացածը նոր են»,-նկատեց Նարե Գրիգորյանը:

Մենք փորձեցինք իմանալ նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի դիրքորոշումը այս միջադեպի վերաբերյալ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հաղորդեցին, որ իրավասու չեն այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: 

Արմինե Միքայելյան