«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զոհից բացի կա նաև վիրավոր:

«Պայթյունի հետևանքով կա նաև մեկ վիրավոր, որը թեթև վնասվածքներ է ստացել և այժմ բուժօգնություն է ստանում նույն հիվանդանոցում»,-տեղեկացրել է  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը որոշ մանրամասներ հայտնեց. մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել ժամը12:00-ին՝ հիվանդանոցի սեփական թթվածնի արտադրության կայանում:

«Թթվածնի կայանը տեղակայված է բժշկական կենտրոնի շենքից դուրս մոտ 100 մետր հեռավորության վրա: Ցավոք սրտի, զոհ ունենք. նա մեր աշխատակիցն է, թթվածնի կայանի տեխնիկ-օպերատորը՝ ծնված 1979 թ.»- ասաց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ տեխնիկ-օպերատորը մահացլ է թթվածնի բալոնի բեկորներից: Մահացածի կինը ևս հիվանդանոցի աշխատակից է: