Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրի ներքին ցանց, որով հիմնովին կարգավորվում է խմելու ջրի մատակարարման հիմնախնդիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, գյուղի երեք թաղամասում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվում է պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամի հաշվին: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի վերջերին եւ կավարտվեն հոկտեմբերի վերջերին: «Խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման նախագծային արժեքը կազմում էր 39 միլիոն 100 հազար դրամ, որից 7 միլիոնը կազմում էր համայնքի ներդրումը: Բայց, քանի որ շինարարական մրցույթը շահվել էր 20 միլիոն դրամի շրջանակում, մեր կողմից համաֆինանսավորում կատարելու անհրաժեշտություն չառաջացավ, ուստի եւ տնտեսված 7 միլիոն դրամը ներդրելու ենք կենսական նշանակության այլ ծրագրերում:

Խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվում է մոտ 2150 մետր երկարությամբ, երեք տարբեր թաղամասերում: Մի թաղամասում արդեն ավարտված է կառուցումը 900 մետր երկարությամբ, մեկ այլ թաղամասում, որտեղ պետք է կառուցվի 800 գծամետր, աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 450 գծամետրը երրորդ թաղամասում կկառուցվի հոկտեմբերի ընթացքում: Այս ծրագրի ավարտով խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի գյուղի տնտեսությունների շուրջ հիսուն տոկոսը:

Մնացած հիսուն տոկոսը խմելու շուրջօրյա ջրով ապահովվել են վերջին տարիներին իրականացված զարգացման այլ ծրագրերի արդյունքում: Այսպիսով, մենք արդեն ունենք խմելու ջրի մատակարարման հիմնովին նորացված համակարգ՝ նորակառույց օրվա կարգավորիչ ջրամբար, արտաքին ու ներքին ցանցեր: Ջրամատակարարման սպասարկումն իրականացնում է Արծվանիստի գյուղապետարանը»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան