«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայտնի փաստ է, որ այսօր Երեւանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է' մի քանի միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել են: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 եւ 62 երթուղայինների, նաեւ համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է:

«Հ 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետեւ վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով' այն գտնվում է ոչ լավ վիճակում: «Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: