ՀՀ վարչապետը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, զուտ լուսանկարվելու և տեսագրվելու առիթ։ Պետք է այն լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ հանդիպումը կբերի կոնկրետ արդյունքի՝ նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասին»,-նշեց Բալայանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը դիտորդի կարգավիճակով՝ Բալայանը նշեց․ «Այս պահի դրությամբ դա հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին։ Նման քննարկում թե՛ ստորին, թե՛ բարձր մակարդակով այս պահին չի եղել»։

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: